● AI ՀայաստանումHow2B ·

Firebird AI-ն Հայաստանում էլեկտրաէներգիայի առաջին վճարումն է կատարել

Հրազդանում գործող Firebird AI-ի կենտրոնը շուրջ 6 միլիոն կՎտ·ժ էլեկտրաէներգիայի դիմաց ՀԷՑ-ին վճարել է ավելի քան 244 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ըստ ՀԷՑ-ի՝ այն դեռևս աշխատում է նախատեսված հզորության միայն փոքր մասով։

Հրազդանում արհեստական բանականություն (AI) ենթակառուցվածք շահագործող Firebird AI ընկերությունը կատարել է էլեկտրաէներգիայի առաջին վճարումը։ Ընկերությունը շուրջ 6 միլիոն կՎտ·ժ հոսանքի դիմաց ՀԷՑ-ին վճարել է ավելի քան 244 միլիոն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Ըստ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ Firebird-ի գործարանը դեռ աշխատում է նախատեսված արտադրական հզորությունների միայն մի փոքր մասով։ Նախագծի առաջին փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը, իսկ ընդհանուր հզորությունը նախատեսվում է հասցնել 300 ՄՎտ-ի։ Մինչև 2027 թվականի ավարտը նախատեսվում է համալրել ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ներով։